«Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային hիմնադրամի ուշադրության կիզակետում են գտնվում հայկական գործվածքի՝ մասնավորապես գորգագործության և կարպետագործության տեխնիկաների ուսուցանումն ու դրանց տարածումը:

 2016 թվականին հիմնելով «Տորքի որդեգրում» ծրագիրը` հիմնադրամը սկսեց գորգագործության և կարպետագործության տեխնիկաների անվճար դասավանդում  Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում: Ծրագիրն իրականացվում է տվյալ քաղաքի կամ համայքնի դպրոցի, մշակույթի տան կամ գեղարվեստի դպրոցի հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր համայնք այցելելուց առաջ ընտրվում է տվյալ բնակավայրում պատմականորեն առավել տարածված գործվածքի տեխնիկա և միայն դրանից հետո սկսում է ուսուցանումը։

Հիմնադրամի մասնագետներն այցելում են ընտրված համայնք և անցկացնում հյուսվածքի տեխնիկայի դասավանդումն անվճար։ Դասընթացի համար անհրաժեշտ բոլոր գործիքների, թելերի ու նյութերի տրամադրումը ևս հոգում է հինադրամը բացառապես անվճար։ Կարևոր խնդիրն ու նպատակն է լիովին փոխանցել մասնագետների գիտելիքները նոր սերունդներին և սովորեցնել գործվածքի տեխնիկայի բոլոր անհրաժեշտ փուլերն ու նրբությունները։

2016 թվականին «Տորքի որդեգրում» ծրագիրը մեկնարկեց երեք համայնքներում: Առաջինը Արագածոտնի մարզի Արագած համայնքում, այնուհետև նույն մարզի Սասունիկ համայնքում անկացվեցին գորգագործության դասընթացներ: Նույն տարում ծրագիրն իրականացվեց նաև Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում, որտեղ անցկացվեց կարպետագործության դասընթաց:

2017 թվականին շարունակելով ծրագիրը կարպետագործության դասընթացներ են անցկացվել Արմավիրի մարզի Հացիկ և Արագածոտնի մարզի Օշական համայնքներում: Ընդլայնելով ծրագիրը՝ գորգագործության դասընթացներն այս տարում անցկացվել են Արմավիրի մարզի Պտղունք, Կոտայքի մարզի Մեղրաձոր և Արագածոտնի մարզի Ոսկեվազ ու Ուջան համայնքներում:

2018 թվականից ծրագիրը ներառում է նոր մարզեր և ընդլայնում իր գործունեությունը ամբողջ Հայաստանում: Տարին առանձնանում էր նրանով, որ ընտրված համայնքներում դասավանդվեցին հայկական գործվածքի միանգամից մի քանի տեխնիկաներ: Այսպիսով գորգագործության և կարպետագործության տեխնիկաներ ուսուցանվեցին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի երկու կենտրոններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում, իսկ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում՝ միայն կարպետագործության տեխնիկա:

2019 թվականին «Տորքի որդեգրում» ծրագիրը համագործակցությունը սկսեց Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ դասավանդելով կարպետագործության միանգամից 3 տեխնիկաներ: Գորգագործության դասընթացներ և խմբակներ հիմնվեցին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում և Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում: 2019 թվականին առաջին անգամ ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին ոչ միայն հյուսվածքի տեխնիկաների ուսուցանում այլ նաև ասեղնագործության դասընթացներ: Այսպիսով՝ Մարաշի ասեղնագործության հյուսված կարի տեխնիկան ուսուցանվեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում:

2021 թվականին վերսկսելով ծրագրի գործունեությունը՝ գորգագործության դասընթացներ են անցկացվել Գեղարունիքի մարզի Մարտունի քաղաքի երկու կենտրոններում:

2022 թվականին «Տորքի որդեգրում» ծրագիրը կարպետագործության դասընթացներ է անցկացրել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում, իսկ 2023 թվականին գորգագործության տեխնիկան դասավանդվեց Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում:

2024 թվականին ծրագիրն ընդլայնվել է՝ ընդգրկելով 4 նոր համայնքներ. Բաղրամյանի Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցը (Արմավիր), Տեղի Մշակույթի կենտրոնը  և Կանանց ռեսուրս կենտրոնը Վերիշենում (Սյունիք),  Գավառի Արվեստի դպրոցը  (Գեղարքունիք): Այստեղ դասավարդնվում է գորգագործություն, իսկ առաջին երեք համայնքներում՝ կարպետագործության տեխնիկա։

Ամեն տարի հիմնադրամի կողմից կազմակերպվում է ամփոփիչ ցուցահանդես, որտեղ ներկայացվում են բոլոր համայնքներից աշխատանքներ։ Աշխատանքները ներկայացվելուց հետո անցկացվում է մրցանակաբաշխություն, որի հաղթողներին տրամադրվում են դրամաշնորհներ։ Սա լավագույնս օգնում է համայնքների խմբակներին շարունակել ավանդական արհեստի պահպանման իրենց գործը և տալիս հնարավորություն ընդլայնել ու զարգացնել այն։ Ցուցահանդեսն անցկացվում է Երևանում՝«Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում։ Կազմակերպվող ցուցահանդեսի նպատակն է ո՛չ միայն քաջալերել և օգնել համայնքներին այլ նաև ծանոթացնել միմյանց գործունեությանն ու ստեղծել շփման մեծ ցանց տարբեր համայնքների և մշակութային կենտրոնների միջև։

Մինչ օրս  «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամն իրականացրել է անվճար դասընթացներ Հայաստանի 7 մարզերում, ներառելով ավելի քան 26 համայնք և գործվածքի հայկական ժողովրդական արհեստներն ուսուցանվել են 330 և ավելի աշակերտների համար: Ծրագրի կարևոր բաղադրիչը՝ ապահովել դասընթացների շարունակականությունը։

×

Հարցման ձև