Հայագիտական դասախոսություններ։ «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային hիմնադրամի կարևորագույն նպատակներից է հնարավորինս մեծ հանրության ներկայացնել հայկական արվեստն ու արհեստի բազմաշերտ ճյուղերը։ Դրան ուղղված կազմակերպվում են հայագիտական բաց դասախոսություններ ամենատարբեր թեմաներով։ Հիմնադրամը ծրագիրը սկսել է դեռ 2016 թվականից, սակայն 2019 թվականից դրանք ստացել են կանոնավոր բնույթ, և բանախոսություններ են կազմակերպվում յուրաքանչյուր ամիս:
Դասախոսությունների նպատակն է հանրամատչելի ներկայացնել հայ հասարակությանը հայկական մշակույթն ու դրա դեմ ծառացած խնդիրները։ Դասախոսությունները միտված են նաև ստեղծել բաց հարթակ երիտասարդ մասնագետների ներկայացման, նոր մտքերի արտահայտման և դրանց քննարկման համար։ Բանախոսությունները ոչ միայն նպաստում են հանրության մշակութային դաստիարակությանը, այլ նաև ստեղծում են հատուկ միջավայր ոլորտում գործող մասնագետների համագործակցության համար:
Հետևելով հանրությանն առավել հետաքրքրող և քննարկվող մշակութային թեմաները հիմնադրամը փորձում է համահունչ բանախոսություններով հանդես գալ:
2020-թվականին հիմնադրամն իր «Քառաձայն վիշապերգ» ցուցադրության ժամանակ ներկայացրեց ֆոնդում առկա «Խնձորեսկ» տեսակի բոլոր վիշապագորգերը: Ցուցադրված գորգերի իմաստաբանական նշանակությունն առավել հասկանալի դարձնելու համար կազմակերպվեցին վիշապագորգերին, վիշապ զարդանախշին, վիշապաքարերին և վիշապ-օձի պաշտամունքին նվիրված բանախոսությունների շարք:
Հիմնադրամը, համագործակցելով մեծամասամբ հայաստանաբնակ մասնագետների հետ, ջանք է գործադրում նաև կազմակերպել բանախոսություններ Հայաստանից դուրս ստեղծագործող գործընկերների հետ:
Անցկացվող բոլոր դասախոսությունները տեսանկարահանվում են, և դրանք հասանելի են հիմնադրամի Յութուբյան ալիքում:
«Ժողովրդական արվեստի հանգույց» hիմնադրամի կողմից կազմակերպվող դասախոսությունների մուտքն ազատ է։ Դրանք անցկացվում են Այգեձոր 53/2 հասցեում գտնվող «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում։