«Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային hիմնադրամի կարևոր մտահոգություններից է հայկական գործվածքի արհեստը նոր սերունդներին փոխանցելու խնդիրը։ Այդ նպատակին միտված՝ 2014 թվականից կազմակերպվում են գորգագործության անվճար դասընթացներ երեխաների համար։ Դասընթացներն անցկացվում են շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին՝ 2 ժամ տևողությամբ, որին կարող են մասնակցել 6-15 տարեկան բոլոր երեխաներն անկախ սեռից։ Երեխաներին ուսուցանվում է հյուսելու ընթացքը սկզբից մինչև ավարտի գորգ ստանալը: Յուրաքանչյուր աշակերտի տրամադրվում է առանձին փոքրիկ շրջանակ, որի վրա հյուսում են իրենց անհատական աշխատանքները: Երեխաները մինչ գորգ գործելը նկարում են իրենց իսկ գորգի դիզայնը, որից հետո պատկերը համապատասխանեցվում է հատուկ գորգագործական քարտեզին: Այսպիսով ոչ մի գորգ չի կրկնում մյուսին և ամեն ոք ինքն է ստեղծում ապագա գորգի դիզայնը: Դասընթացի տևողությունը 6-ից 9 ամիս է, ինչի շնորհիվ աշակերտները ծանոթանում և ինքնուրույն են կատարում գորգի ստեղծման բոլոր փուլերը:
Խմբակը գործում է Երևանում՝ Այգեձոր 53/2 հասցեում գտնվող «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում։ Հյուրանոցն ամբողջությամբ հարդարված է 19 և 20-րդ դարերով թվագրվող գորգերով և գործվածքի այլ օրինակներով, որը երեխաների համար ստեղծում գործվածքի աշխարհին առավել մոտ միջավայր: Խմբակի կարևոր նպատակն է ոչ միայն սովորեցնել գորգ հյուսելու տեխնիկան, այլ նաև ներկայացնել հայկական գորգագործական ավանդույթն ու պատմությունը երեխաներին՝ դեռ մանկությունից։ Դասավանդման ավարտին երեխաների կողմից հյուսված գորգերը հանձնվում են իրենց՝ հավաստագրի հետ միասին։
Մինչ օրս հիմնադրամը կրթել և հայկական գորգագործության տեխնիկան է ուսուցանել ավելի քան 200 երեխաների, ինչի շնորհիվ հայկական գորգագործական մշակույթը հարստացել է նվազագույնը 200 նոր ստեղծված գորգերով: