«Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային hիմնադրամի գործունեության առանցքային նպատակներից է գիտական աշխատանքների խթանումը, ինչպես նաև հայկական ազգային և ժողովրդական արվեստի ուսումնասիրությունների ընդլայնումը: Մոռացման եզրին գտնող ազգային ավանդույթների ու սովորույթների պահպանմանն է ուղղված հիմնադրամի կողմից իրականացվող հրատարակչական աշխատանքների ֆինանսավորումը: Մինչ օրս հիմնադրամի և հիմնադիր՝ Լևոն Դեր Բեդրոսսյանի աջակցությամբ հրատարակվել են ավելի քան հինգ գրքեր և պատկերագրքեր:
Passages (Պատառիկներ): ԱՄՆ-ի «Հայկական գորգերի միության» հետ համատեղ, 2002 թվականին հրատարակված “Passages” գրքում ներկայացված են առանձին հավաքորդների հավաքածուներից ներառված հայկական գորգերի նշանավոր օրինակներ: Գրքի ներածական մասում ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններից մեզ հասած պատմական ակնարկներ հայկական գորգի մասին։
«Հայկական գորգարվեստ 18-20-րդ դդ.» Հայաստանի պատմության թանգարան: Գիրքը հրատարակվել է 2013 թվականին: Այն նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում առկա գորգերի ամենահայտնի նմուշներին: Ներառված բոլոր գորգերը ներկայացվում են հայկական արվեստի այլ ճյուղերի հետ համեմատությամբ՝ նեկայացնելով նույն զարդանախշը տարբեր ձևափոխություններով արվեստի այլ կոթողներում:
«Գործվածքի հայտնության քառուղիներում: Հայկական կարպետի և ասեղնագործության ցուցադրություն» Ժողովրդական արվեստների թանգարան: Պատկերագրքում ներկայացված են 2015 թվականին «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների» թանգարանում կազմակերպված ցուցադրությանը՝ նվիրված հայկական գործվածքին:
«Հայ ժողովրդական տոները և ծիսական տիկին-տիկնիկները (20-21-րդ դդ.)» Ժենյա Խաչատրյան: Գիրքն ազգագրագեր Ժենյա Խաչատրյանի վերջին ուսումնասիրության ամփոփ արդյունքն է, որը հրատարակվել է 2017 թվականին: Այստեղ ներկայացված են հայոց մեջ օգտագործված ծիսական տիկնիկների տեսակները, դրանց պատրաստման ձևն ու կապը տոների հետ:
«Փրկեալ ձեռագործք հայոց» Նարեկ Վան Աշուղաթոյան: Պատկերագիրքը ներկայացնում է հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի անհատական համաքածուի՝ հայկական ասեղնագործ գործվաքի լավագույն օրինակները: Առաջաբանում հակիրճ անդրադարձ է կատարված հայկական ասեղնագործության ակունքներին: Գիրքը հրատարակվել է 2019 թվականին:
«Հայկական ավանդույթի գույները»
Գրքում ներկայացվում են հայ գորգագործության մասին հակիրճ ակնարկ, հայկական 15 գորգեր իրենց նկարագությամբ, ինչպես նաև այդ գորգերի գրաֆիկական պատկերներ, որոնք ընթերցողներն ազատ են ներկել իրենց նախընտրած գույներով։ Յուրաքանչյուր գորգ ուղեկցվում է QR կոդով, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու ներկայացված գորգերի մասին լրացուցիչ նյութերի և պատմությունների հետ՝ մեր կայքում, ինչպես նաև ծանոթանալու գիտական աղբյուրների, որտեղ հետաքրքրված ընթերոցողներն ավելի հարուստ նյութ կարող են գտնել։
Գրադարան: Հայկական ժողովրդական արվեստին վերաբերող թեմաներով գրքերի հրատակությունից զատ հիմնադրամի գլխավոր մտահոգությունը հետաքրքվողների համար նյութի հասանելիությունն է: Դրան է միտված արվեստին վերաբերող բաց գրադարանի ստեղծումը: Գրադարանը գործում է «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում՝ Այգեձոր 53/2 հասցեում: Այցելուների համար ներկայացված են ավելի քան 1000 օրինակ գիրք՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: