Ստվերախաղքը ներկայացման ինքնատիպ ձև է և մեզ է հասել հնագույն ժամանակներից: Հայերի մոտ ստվերախաղքը ծնունդ է առել, հավանաբար, դեռ անտիկ շրջանում, ինչի վկայությունն են նախաքրիստոնեական շրջանից պահպանված պատումներին հղում անող սյուժեները։ Այն ի սկզբանե ուներ ծիսական խորհուրդ և հետագայում դարձավ նաև կարևոր արարողությունների ու տոնախմբությունների անբաժան մաս։ Թատրոնի նոր տեսակների ձևավորումը հետագայում նաև հեռուստեսության զարգացումը հանգեցնում են ստվերախաղքի մոռացությանը։ Այս հարցով մտահոգված 1983 թվականից հեծյալ խաղեր, ազգային երգ ու պար ցուցադրող «Այրուձի» արշավախումբը հետաքրքրվեց նաև անհետացող թատերատեսակով` ստվերների թատրոնով: Այն դարձավ հեծյալ արշավների անբաժան մասը: Մինչ օրս նախկինում ստեղծված խմբի անդամները պահպանում են մեր նախնիներից հասած կցկտուր ժառանգությունը` ավելի զարգացնելով այն: Հետագայում «Այրուձի» արշավախմբի ներսում ձևավորվում է «Այրոգի» ստվերախաղքի խումբը, որը երկար տարիներ շարունակում է ավանդական թատրոնի այս տեսակի պահպանումը և ներկայացումներով տարածում այն։ Խումբը ստվերախաղքի նոր ներկայացումներով հանդես է գալիս յուրաքանչյուր ամիս «Ժողովրդական արվեսի հանգույց» հիմնադրամի հետ համագործակցությամբ Այգեձոր 53/2 հասցեում «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում:
2019 թվականից, շնորհիվ «Այրոգի» ստվերախաղքի խմբի, կազմավորվում են տարբեր տարիքային նոր խմբեր Հայաստանի տարբեր մարզերում։
2021թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Ստվերախաղքի համազգային փառատոնը, որին ներկայացել էին վերջին 10 տարիներին ձևավորված նոր խմբեր իրենց ներկայացումներով: Փառատոնի անցկացման արդյունքում այն խանդավառեց նոր խմբերի, ինչի շնորհիվ փառատոնն անցկացվեց նաև 2022 և 2023 թվականներին, որին արդեն մասնակցում էին ստվերախաղքի ավելի շատ խմբեր ոչ միայն Հայաստանից այլ նաև Ռուսաստանից:
Ստվերախաղքի երբեմնի մոռացված ավանդույթները կարծես թե փոքրիկ, բայց հաստատուն քայլերով վերականգնվում են՝ շարունակելով վարակել և զարմացնել նոր սերունդների: