«Հայկական ավանդույթի գույները»՝ գորգը նոր շնչով
12/04/2025
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամն արդեն տասը տարի է, ինչ սրտացավությամբ ու սիրով զբաղվում է հայկական ավանդական արհեստների պահպանմամբ ու տարածմամբ։ Այդ ճանապարհի հաջորդ հանգրվանը դարձավ մեր նոր հրատարակությունը՝ «Հայկական ավանդույթի գույները» գիրքը։ Սակայն սա սովորական գիրք չէ։ Այն միաժամանակ պատմում է, սովորեցնում, ներշնչում և… ստեղծագործելու հնարավորություն տալիս։
Այս գիրքը ստեղծվել է՝ ոգեշնչվելով այն երեխաներով ու մեծահասակներով, ում տարիներ շարունակ կրթել ենք տարբեր գյուղերում ու քաղաքներում։ Յուրաքանչյուր գորգ ներկայացված է իր պատկերով, գրաֆիկական տարբերակով՝ ներկման համար, և QR կոդով, որը դուռ է բացում դեպի խորքային պատմություն՝ յուրաքանչյուր գորգի ծագման, խորհրդանշանների և գործվածքի տեխնիկայի մասին։
Դա նշանակում է՝ գիրքը ոչ միայն կարդացվում է, այլ ապրվում է։ Ամեն ընթերցող, ընտրելով իր գույները, մասնակցում է պատմության շարունակմանը։ Դա ևս մեկ ձև է վերապրելու մեր ժառանգությունը՝ հպվելով մի մշակույթի, որն ունի դարերավոր ավանդույթներ։
Գունավորելով գորգերը՝ ընթերցողները կարողանում են ներգրավվել, ճանաչել, կապ ստեղծել հողի, նախնիների ու պատմության հետ։ Մենք գիտենք, որ այսօր հատկապես անհրաժեշտ է ստեղծել կապեր նոր սերնդի և մեր ավանդույթների միջև։ Այդ իսկ պատճառով գիրքը ոչ միայն տեղեկացնում է, այլ նաև ներգրավում՝ դարձնելով մշակույթը հասանելի ու կենդանի։
Այս նախաձեռնությամբ ուզում ենք հիշեցնել՝ հայ գորգագործությունը ոչ միայն արհեստ է, այլ լեզու, որով խոսում է մեր ինքնությունը։ Իսկ այժմ՝ այս գրքի միջոցով, այդ լեզուն կարող է խոսել Ձեր ու Ձեր երեխաների ձեռքերով, Ձեր ընտրած գույներով և Ձեր ընտանեկան հիշողություններով։
Գիրքը կարող եք գտնել «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում, Բուկինիստ, Էպիգրաֆ և Զանգակ գրախանութներում։
Ստվերների թատրոնի 4-րդ ազգային փառատոն
08/11/2024
2024 թվականի հոկտեմբերի 19-ին կայացավ Ստվերների Թատրոնի չորրորդ ազգային փառատոնը՝ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համատեղ ջանքերով։ Այս ամենամյա միջոցառումը ստեղծված է՝ պահպանելու և զարգացնելու Հայաստանի հնագույն արվեստի ձևերից մեկը՝ ստվերների թատրոնը։ Այն համախմբում է Հայաստանի տարբեր համայքների ստեղծագործական խմբերի՝ ցուցադրելու ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական ներկայացումներ:
Այս տարի փառատոնին մասնակցում էր 8 խումբ, որոնք ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու համայնքները։ Յուրաքանչյուր խումբ բեմ հանեց եզակի ներկայացումներ՝ ինքնատիպ, անիմացիոն մեկնաբանությունները համադրելով ավանդական պատմությունների հետ: Ութ նոր ներկայացումներից մի քանիսը հանդիսատեսին ներկայացվեցին առաջին անգամ՝ փաստելով ստվերների թատրոնի զարգացումը Հայաստանում:
Արվեստի այս ձևը, որը խորապես արմատավորված է հայկական մշակույթում, վերածնունդ է ապրում՝ իր նոր հանգրվանը գտնելով դպրոցներում, մշակույթի կենտրոններում և մեծահասակների տարատեսակ խմբերում: Փառատոնը գնահատում է յուրաքանչյուր խմբի նվիրվածությունը ստվերախաղքի տարածման գործում՝ ստեղծելով հնարավորություն ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու տիկնիկավարների համար՝ կյանքի կոչելու իրենց ստեղծարար մտքերը:
Ի գնահատում իրենց ձեռքբերումների՝ մասնակից խմբերից հինգը մրցանակներ ստացան հատուկ անվանակարգերում իրենց բացառիկ աշխատանքի համար.
- Լավագույն նկարչական և երաժշտական ձևավորում՝ «Մրջյունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Երևան.
- Լավագույն սցենար՝ «Նոյեմբերյանի ստվերների թատրոն», Տավուշի մարզ
- Լավագույն կատարում՝ «Ժպիտ», Երևան, թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
- Լավագույն տիկնիկավար՝ Գեղամ Գուլիկյան, Երևան
- Լավագույն ռեժիսուրա՝ «Կենաց Կորով», Հաղարծին, Տավուշի մարզ
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը ուրախ է տեսնել ստվերախաղքի նկատմամբ հետաքրքրության օրեցօր աճը Հայաստանում, և անհամբեր սպասում ենք գալիք նոր խմբերին ու նոր փառատոններին։
Նկարների համար կարող եք անցնել մեր Ֆեյսբուքյան էջի հղումով՝ Ստվերների թատրոն 4-րդ փառատոն։
Գիտեի՞ք որ․․․ Կարապետ Աբելյանը
14/09/2024
Կարապետ Աբելյանը գորգագործ վարպետ (ուստա) ծագումով Կենտրոնական Անատոլիայի (Թուրքիա) ԿԵՍԱՐԻԱ քաղաքից էր։ Նա տեղափոխվել է Ստամբուլ քսաներորդ դարասկզբին և իր արհեստանոցը բացել քաղաքի արվարձաններից մեկում՝ Քադիկ փաշայում: Նա հայտնի էր գորգերի ձևավորման, գունազարդման և գործման իր կատարելությամբ:
Աբելյանի ստեղծագործությունների բնորոշ գծերն են կենդանիների և թռչունների պատկերների օգտագործումը, արմավների, տերևների ու խաղողի ճյուղերի մոտիվները՝ Շահ Աբասի և միհրաբի (աղոթագորգ) ոճով: Նրա գորգերը շատ նուրբ են՝ պատրաստված մետաքսե հենքով և մետաքսե խավով: Գործվածքում օգտագործվել են ոսկյա և արծաթյա մետաղական թելեր (դիպակ):
Աբելյանն առանձնանում է ՀԵՐԵԿԵԻ և ԳՈՒՄ ԳԱՓՈՒԻ այլ գորգագործ վարպետներից, ովքեր այս շրջանում հիմնականում հիմնադաշտի համար ընտրում էին կարմիրը կամ փղոսկրը (Հերեկեի վարպետների մասին ավելին կարող եք կարդալ այստեղ): Նրա գորգերին բնորոշ են տարբեր ֆոնային գույներ, ինչպիսիք են դարչնագույնը, արծաթագույնը, ոսկեգույնն ու կարմրավուն շագանակագույնը:
Կարապետ Աբելյանի գորգերը հազվադեպ են հանդիպում հնաոճ իրերի շուկայում։ Հավաքորդներն ու գնորդները պատրաստ են բարձր գներ վճարելու նրա կողմից ստեղծված գլուխգործոցների համար, որոնք ոլորտի գիտակների կողմից դիտարկվում են որպես ներդրում։
Աղբյուրը՝ Հնաոճ գորգերի հանրագիտարան. Գորգագործության քսանհինգ դարերը
Աբրահամ Լևի Մոհեբան
Ընդլայնելով «Տորքի որդեգրում» ծրագիրը 2024 թվականին
26/08/2024
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը ձգտում է պահպանել և հանրահռչակել հայկական ավանդական արհեստների հարուստ ժառանգությունը: Մեր կարևորագույն նախաձեռնությունը ՝ «Տորքի որդեգրում» նախագիծը, առանցքային դեր է խաղում այս առաքելության մեջ ՝ նոր սերունդներին փոխանցելով գորգագործության և կարպետագործության հավերժական հմտություններ: Ուրախ ենք տեղեկացնել, որ 2024 թվականը մշակութային հարստացման նոր հնարավորություններ է ընձեռել ՝ մեր ծրագրին ավելացնելով ևս չորս հիանալի համայնքներ:
Տեղ և Վերիշեն. Հյուսելով երազանքը Սյունիքում
Տարին սկսեցինք ոգևորությամբ ՝ ընդլայնելով «Տորքի որդեգրում» նախագիծը դեպի
Սյունիքի մարզի Տեղ և Վերիշեն համայնքներ: Այս գեղատեսիլ վայրերում այժմ անցկացվում են կարպետագործության անվճար դասընթացներ, որտեղ յուրաքանչյուր համայնքում հաճախում է 10-ից 15 մասնակից: Հասմիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ Տեղ մշակութային կենտրոնում արդեն իսկ գործում էր խմբակ՝ հայկական ավանդական արհեստների հանդեպ սերը տարածելով ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում: Այս նախաձեռնությունը նպատակ ունի պահպանելու կարպետագործությունը՝ որպես այս համայնքների մշակութային պատկերի մի վառ մասնիկ:
Բաղրամյան. կարպետագործության նոր օջախ
Մեր ճանապարհորդությունը շարունակվեց Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում գործող Լ.Գալչյանի անվան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ: Այս տարի ուրախ էինք մեր փորձը տարածել Բաղրամյանի և հարակից համայնքների 12 երեխաների շրջանում, ովքեր այժմ տիրապետում են կարպետագործության արվեստին: Կենտրոնը երեխաներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց ստեղծագործական ունակությունները և ձեռք բերել ավանդական արհեստների անգնահատելի հմտություններ:
Գավառ. հյուսք դեպի ապագա
2024 թվականին «Տորքի որդեգրում» ծրագիրը մեկնարկել է նաև Գավառում, համայնք, որը հայտնի է իր արհեստագործներով: Տեղի գեղարվեստի դպրոցում գորգագործության դասընթացներ ենք անցկացնում 16 հոգանոց խմբի համար՝ ներառյալ տեխնոլոգիայի և կիրառական արվեստի ուսուցիչներ: Այս նախաձեռնությունը նպատակ ունի Գավառի և հարակից շրջանների մանկավարժներին զինել գորգագործական արվեստի դասավանդման և պահպանման համար անհրաժեշտ գիտելիքներով: Հզորացնելով ուսուցիչներին ՝ մենք հուսով ենք, որ այս հնագույն արհեստի հմտություններն ու տեխնիկան կփոխանցվեն սերնդեսերունդ:
Մշակույթի պահպանման մեր առաքելությունը
Մեր նոր համայքներից յուրաքանչյուրն արտացոլում է հայկական ավանդական արհեստների նկատմամբ հարգանք սերմանելու մեր շարունակական առաքելությունը: «Տորքի որդեգրում» նախագծի շնորհիվ մենք ոչ միայն սովորեցնում ենք արժեքավոր հմտություններ, այլև օգնում ենք պահպանել մեր ինքնությունը որոշող մշակութային ժառանգությունը: Համագործակցելով տեղական մշակութային կենտրոնների և արվեստի դպրոցների հետ ՝ մենք ստեղծում ենք գիտելիքների և հետաքրքրվածության մի ցանց, որն այդ արհեստները կպահի կենդանի և կենսունակ:
Անչափ շնորհակալ ենք բոլոր համայնքներին, մշակութային կենտրոններին և արվեստի դպրոցներին, որոնք գրկաբաց ընդունել են այս նախագիծը: Ձեր աջակցությունն ու խանդավառությունը կենսական նշանակություն ունեն մեր առաքելության հաջողության համար:
Նայելով ապագային՝ մենք ինչպես միշտ մտադիր ենք ընդլայնել մեր գործունեության ոլորտը և շարունակել ոգեշնչել նոր սերունդներին ՝ հաղորդակից լինելու Հայաստանի հարուստ ավանդույթներին: Շնորհակալ ենք, որ մասնակցում եք այս ճամփորդությանը և օգնում մեզ երկարաժամկետ ազդեցություն թողնել մեր մշակութային ժառանգության պահպանման գործում:
Հետևե՛ք մեր ընթացիկ նախագծերի թարմացումներին և միացեք մեզ՝ աջակցելու մեր նախաձեռնություններին՝ գնելով ձեռագործ տեքստիլ գործված մեր համայնքների կողմից և իրենց համար:
Տորքի որդեգրում հաշվետու ցուցահանդես 2024
01/06/2024
2024թ. մայիսի 10-ին կայացավ «Ժողովրդական արվեստի Հանգույց» հիմնադրամի առաջատար ծրագրի՝ «Տորքի որդեգրում» նախաձեռնության ամենամյա հաշվետու ցուցահանդեսը՝ լի հայկական մշակույթի վառ ներկապնակով։ Մեծ եռանդով ու հպարտությամբ անցկացված այս երկար սպասված միջոցառումը վկայությունն էր Հայաստանի համայնքների նվիրվածության դեպի հայ ժողովրդական մշակութային արժեքների պահպանումը, խթանումն ու կայուն զարգացումը:
Ցուցասրահում ներկայացված էին ավելի քան 10 համայնքների աշխատանքի պտուղները, որոնցից յուրաքանչյուրը սիրո վկայություն էր դեպի հայկական մշակութային ժառանգություն: Գորգագործությունից մինչև նուրբ ասեղնագործություն՝ ցուցադրված վարպետությունը հիացնող էր:
Պատվավոր ժյուրին՝ ազգագրագետ Կարինե Բազեյանը, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը և թանգարանագետ Լուսինե Թորոյանը, պատվավոր կոչումներ են շնորհել ընտրված մի քանի ցուցանմուշների։ Այս մրցանակները ոչ միայն անհատական տաղանդի գնահատումն էր, այլև համայնքների՝ ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված հավաքական ջանքերի խրախուսումը:
2024թ. հաղթող ճանաչված հինգ համայնքներն են.
🧶«Լավագույն դիզայն»- Բերդի մշակույթի տուն,
🧶«Յուրահատուկ Ստեղծագործություն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն,
🧶«Լավագույն աշխատանք»- Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն,
🧶«Հատուկ մրցանակ»-Արթիկի գեղարվեստի դպրոց,
🧶«Լավագույն համայնք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց:
Գովասանքի ու ծափահարությունների ետևում, սակայն, ավելի խորը իմաստ է թաքնված: «Տորքի որդեգրում» ծրագիրը դարձել է հույսի փարոս՝ հասնելով ավելի քան 270 սաների Հայաստանի 7 մարզերում՝ նրանց մեջ սերմանելով ոչ միայն հայկական ավանդական արհեստի հմտությունները, այլ նաև խորը կապը մշակութային ժառանգության հետ:
Անցնող տարվա հաջողություններին անդրադառնալով՝ մենք լավատեսությամբ և վճռականությամբ ենք նայում ապագային: «Տորքի որդեգրում» ծրագիրը շարունակում է իր ճամփորդությունը՝ միավորելով ավանդույթն ու նորարարությունը, ընդլայնվելով դեպի նոր մարզեր և համայնքներ:
Լուսանկարները դիտելու համար անցեք հետևյալ հղումով՝ Facebook/foundation
Ստվերախաղքի 3-րդ փառատոն
01/06/2024
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոն -ի համագործակցությունը շարունակելով՝ այս տարի նոյեմբերի 18-ին կայացավ «Ստվերախաղքի ազգային երրորդ» փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 12 խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից:
Խմբերը ներկայացրին ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական և անիմացիոն ստվերային ներկայացումներ:
Մասնակիցների տարիքային բազմազանությունը և վերջին մեկ տարում նոր խմբերի ձևավորումը հույս է ներշնչում, որ հայկական մշակույթի այս ճյուղը չի կորսվի:
Թատրոնի վաղագույն տեսակներից մեկը տարեց տարի նոր զարգացում է ապրում և տարածում գտնում Հայաստանում՝ սկսած դպրոցներից, երեխաների շրջանակներում մինչև մեծահասակներ:
Խմբերից յուրաքանչյուրն արժանացավ հատուկ անվանակարգերում մրցանակների:
Այսպիսով՝
- Լավագույն ստվերային ներկայացում- «Shadow Մարդիկ», Այբ դպրոց
- Լավագույն մանկական ներկայացում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- Լավագույնս ավանդական արհեստի ներկայացման համար-«Ճրագ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
- Լավագույն ներկայացում- «Հեքիաթի տուն», Լոռվա մարզի Փամբակ գյուղ
- Լավագույն երաժշտական ձևավորում- «Ավետիս», Ծաղկաձոր համայնք,գ. Մեղրաձոր, Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն
- Լավագույնս հեղինակին հավատարիմ մնալու համար- «Բեբուկ»
- Լավագույն սցենար-«Էնկի», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
- Լավագույնս ավանդական ստվերախաղքը շարունակելու համար-Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ստվերախաղքի թատրոն
- Լավագույն դերասանական կազմի համար-«Ժպիտ», թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
- Լավագույն մտահղացման համար- Գեղամ Գուլիկյան
- Լավագույն գրաֆիկական աշխատանք- «Կենաց կորով», Տավուշի մարզի Հաղարծին գյուղ
- Լավագույն ռեժիսուրա-«Թաթիկներ», Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Նշված մրցանակները ընդգծում են փառատոնում ներկայացված աշխատանքների հարստությունն ու բազմազանությունը, և վկայում ստվերների թատրոնում մասնակիցների և խմբերի կարևոր ներդրման մասին:
Լուսանկարները դիտելու համար անցեք հետևյալ հղումով՝ Facebook/foundation
Գիտեի՞ք որ․․․ արևելյան գորգերը
01/06/2024
Գում Գափուի բնակիչները Հերեքեի հետնորդներն էին։ 20-րդ դարի սկզբին, երբ Հերեքեում արտադրությունը դադարեց, հայ վարպետները պոլսահայ Զարե-աղայի գլխավորությամբ սկսեցին ոսկյա և արծաթյա թելերով մետաքսե գորգեր ստեղծել։ Դրանք ռելյեֆային էին, բայց այս անգամ ավելի հարթ և համաչափ խավ ունեին։ Այս գորգերի խավը չէր տարածվում ամբողջ մակերեսով, այլ տեղային էր և աչքի էր զարնում ոսկյա և արծաթյա թելերով հյուսված հարթ հիմնադաշտի ֆոնին։
Դիզայնի համար օգտագործվում էին պարսկական ամենահայտնի և գեղեցիկ գորգերի զարդանախշերը։ Միաժամանակ հյուսվում էին աղոթագորգ (խորանավոր) տեսակի գորգեր, որոնց շրջագոտիները զարդարված էին Ղուրանից մեջբերված արձանագրություններով։ Արծաթյա և ոսկյա հենքաթելերը արձանագրություններին հաղորդում էին զուսպ դինամիկա։ Այս օրինակները երբևէ հյուսված լավագույններից էին և մինչ օրս ամենաբարձրն են գնահատվում համաշխարհային շուկաներում։
Մինչ այժմ հայտնի և քննարկված են միայն պարսկական և թուրքական գորգերը։ Այլ գորգագործական տարածաշրջանները, բացառությամբ Կովկասի, քիչ ներդրում ունեն գործվածքի ընդհանուր պատմական պատկերի մեջ, թեև առանձին նմուշներ, իհարկե, պահպանվում են բոլոր հայտնի թանգարաններում և հավաքածուներում։ Կովկասը, սակայն, պետք է դիտարկվի Թուրքիայի հետ նույն հարթության վրա, քանզի հնարավոր է, որ առանց հայկական ազդեցության Թուրքիան չհասներ նման գեղարվեստական վարպետության։
Որոշ վաղ նմուշներ, որոնք այժմ վերագրվում են Թուրքիային, ամենայն հավանականությամբ, գործվել են Կովկասում կամ Թուրքիայի հայ գորգագործների կողմից, քանի որ միայն երբ եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեցին հետաքրքրվել արևելյան գորգերի տեխնիկայով և պատմությամբ, դրանց դասակարգումը կատարվեց ըստ աշխարհագրական բաժանման: Դարերի ընթացքում դասակարգման գործընթացը բարդացել է՝ Մերձավոր Արևելքի երկրներում բազմաթիվ քաղաքական փոփոխություններով պայմանավորված։ Հատկանշական է, որ վաղ եվրոպական կտավներում պատկերված որոշ գորգեր, անկասկած, կովկասյան էին դիզայնով և ամենևին էլ չէին պատկանում թուրքական արվեստին, թեև «արևելյան» կոչված բոլոր գորգերը, նվազագույնը Անգլիայում 16-17-րդ դարերում, բնութագրվում էին որպես «թուրքական», և նույնիսկ նրանք, որոնք հյուսված էին Անգլիայում, բնորոշվում էին որպես «անգլիական արտադրության թուրքական գորգեր»։
Stanley Reed “Oriental rugs and carpets” 1967
Գիտեի՞ք որ․․․ ներկարարությունը
01/06/2024
Միջնադարյան Հայաստանում կարևոր արհեստներից էր ներկարարությունը:
Ներկարար արհեստավորների մասին ունի հիշատակություն 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Խոսելով մոնղոլների տիրապետության ժամանակ հարկերի գանձման մասին, պատմիչը հարկատուների թվում հիշում է նաև «շապարար» (ներկարար) արհեստավորներին: Գանձակեցու այս ցուցմունքը հաստատում է, որ ներկարարների թիվը խոշոր էր թե՛ գյուղերում և թե՛ քաղաքներում, որոնք ի թիվս մյուս արհեստավորների, ենթարկվել են հարկադրման:
Հիշատակություն կա նաև Անիի վիմական արձանագրություններից մեկում, որտեղ խոսվում է Անիում եղած հարկերի, այդ թվում նաև ներկարարների հարկերի, վերացման մասին:
Դասական վիշապագորգ
01/06/2024
Դասական վիշապագորգերի՝ մինչ մեր ժամանակները պահպանված վաղ՝ դասական նմուշները թվագրվում են XVI –XVIII դդ. ու բնորոշվում են գեղազարդման համակարգում առասպելական վիշապի ոճավորված պատկերների ներկայությամբ, բավականին խոշոր չափերով և գեղազարդման համակարգի արտակարգ հարստությամբ:
Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ Մի շարք գիտնականներ, այդ թվում Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն, Ֆ․Գանցհորնը, Լ․Է․ Մյուրրեյը, Լ․ Դեր Մանուելյանը, Գ․Հ․ Էլլիսը, հիմնվելով հայկական արվեստի մյուս ճյուղերի հետ ունեցած ընդհանրություններով, համարում են, որ վիշապագորգերն ունեն հայկական ծագում։ Ֆ. Մարտինը որպես ծագման վայր նշում է Վանը և Սեբաստիան, Գանցհորնը ծագման վայր է համարում Վասպուրականն ու Փոքր Հայքը, իսկ Գ․Հ․ Էլլիսը համարում է, որ արտադրման կենտրոնը Արցախն է, Շուշիի շրջանը։ Ըստ Վահրամ Թաթիկյանի՝ դասական վիշապագորգերը սերում են հին Արցախյան տոհմագորգերից:
Վիշապագորգերի հորինվածքում, բուսական և կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներով կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը, որտեղից էլ գալիս է գորգի անունը: Վիշապագորգի հիմնադաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով շքեղ վարդյակներ: Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ 2 շարքում, յուրաքանչյուրում՝ 2-4 հատ, որոնց մոտ պատկերված են կենաց ծառեր: Դասական վիշապագորգերին բնորոշ են նաև մեծ չափերը (մոտ 3x7 մ), երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն: Հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմիրից:
Եթե գրեթե բոլոր եվրոպական, արևելյան, անգամ ուշ հայկական ավանդություններում վիշապը հանդես է գալիս որպես խավարի ու ջրի ինչ-որ չար էություն, որը հաղթելի է միայն Աստծո օգնությամբ, ապա Հայաստանում գոյություն ունի մի երկրորդ, ավելի հին վիշապ՝ ճիշտ և ճիշտ հակադիր հատկություններով․ որպես ջուրը հսկող՝ նա խորհրդանշում է բարություն և իմաստություն, մարմնավորում զորություն և պաշտպանում անարդարությունից ու չարիքից։ Վիշապի պատկերացումը որպես Աստվածայինի փոխակերպություն (ինկառնացիա) սերում է տոտեմական ժամանակների հին հավատալիքներից։ Վիշապի այսպիսի պատկերացման լավագույն օրինակներից մեկը վիշապաքարերն են, որոնք տեղադրված են եղել բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Ելնելով վերոգրյալից՝ կարելի է համարել, որ վիշապագորգերն ունեցել են պաշտպանիչ նշանակություն։ Ընդ որում՝ բացի գորգադաշտում զբաղեցրած կենտրոնական դիրքից, վիշապները որպես պահապան ու հովանավոր, օգտագործվել են նաև եզրագոտիների գեղազարդման ասպարեզում: Ինքը՝ եզրագոտին, որի գեղազարդման մանրամասերը հիմնականում չարխափան նշանություն ունեցող ատամնավոր, զիգզագ կամ գալարուն գունաշերտեր են, դաղդղանատիպ (պահպանակ) ու «օձագալար» ոճավորումներ և այլն, հանդես էր գալիս որպես գորգի սրբազնացված և անարատ տարածքը չար ուժերից անջրպետող գործոն։
Աղբյուր՝
Ա․ Պողոսյան, Դասական վիշապագորգերի ծագումնաբանության ու տիպաբանման հիմնահարցերի մասին։
Ֆ․ Գանցհորն , Քրիստոնեա-արևելյան գորգը
Ch.G. Ellis, Early Caucasian Rugs
Վ․ Թաթիկյան, Արցախյան տոհմագորգեր
Թագաստղ գորգ
01/06/2024
«ԹագԱստղ» գորգի վաղագույն օրինակ հանդիպում ենք Յան Վան Էյքի 1436 թվականին արված Տիրամայրը մանկան հետ պատկերող գեղանկարում: Այստեղ հոլանդացի գեղանկարիչը գորգը ներկայացրել է Տիրամոր ոտքերի տակ փռված:
Դորիս Էդերը այս գորգերն ու դրանց նմանօրինակները վերագրում է լեզգիներին, ուստի գորգը մասնագիտական շրջանակներում հայտնի է որպես «Լեզգի Աստղ»: Հաճախ հանդիպում ենք նաև «Փայլող Աստղ» անվամբ: Ֆոլկմար Գանցհորնի հետազոտությունների համաձայն՝ այսպիսի գորգերը պատկանում են Արցախի խմբին և հյուսվել են հայկական ընտանիքների կողմից։ Այս տեսակետը համընկնում է նաև Վահրամ Թաթիկյանի և Մանյա Ղազարյանի համուզմունքներին։ Այս ընտանիքներից մեկը 1991 թվականի դրությամբ դեռ բնակվել է Կիրովաբադում:
Այս խմբից մեկ օրինակ, որը թվագրվում է 1815 թվականին և պարունակում է հայկական արձանագրություն, գտնվում է Երևանում՝ Ժողովրդական արվեստների թանգարանում: Այս նմուշում գորգի քրիստոնեական բնույթը էլ ավելի ակնհայտ է, քանի որ վառ ուրվագծված ուղղափառ (հեղինակն անվանում է հունական) խաչեր ենք տեսնում մեծ խաչաստղերի միջև առկա դատարկ տարածքներում:
«ԹագԱստղ» գորգերը երկրաչափական դիզայն ունեն և սովորաբար մեկ կամ մի քանի զարդամոտիվ ունեն հիմնադաշտում: Գորգի հիմնական զարդանախշը ութաթև ճաճանչաձև աստղն է, որը, կրկնվելով, զբաղեցնում է ողջ հիմնադաշտը։ Այն երբեմն հանդիպում է հենց այդպես՝ հիմնադաշտում, երբեմն լինում է շրջանակում։ Աստղային զարդամոտիվներն ունեն փոփոխվող գունային նախշ։ Լայն և նեղ եզրագոտիներում հանդիպում ենք կակաչների, տերևների, ծաղկի գլուխների, աստղերի, խաղողի որթերի, կրկնակի E-աձև, կրկնակի S-աձև մոտիվների։
Այս գորգերի հիմնադաշտում ընդհանուր առմամբ գերակշռում են կապույտը, կարմիրը, ոսկեգույնն ու փղոսկրագույնը: Այս գույները կիրառված են նաև լայն եզրագոտում: Նեղ եզրագոտում և դիզայնի այլ տարրերում հանդիպում են նաև դեղինի, կապույտի, դարչնագույնի, կանաչի, շագանակագույնի և սևի երանգները։ Գույների այս երանգները երբեմն նաև կարող են օգտագործվել հիմնադաշտում։
Գորգատեսակն առավել տարածված է եղել Գարդմանի, Տավուշի և Լոռու տարածաշրջաններում։
Աղբյուր՝
Ֆոլկմար Գանցհորն, Քրիստոնեա-արևելյան գորգը
Աբրահամ Լևի Մոհեբան, Անտիկ գորգերի հանրագիտարան․ գործվածքի 25 դար
Բուսածաղկային գորգ
01/06/2024
Հայաստանի հատկապես դաշտավայրային գորգագործական օջախներում առավել տարածված են եղել գորգատեսակներ՝ հողագործական մշակույթը ներկայացնող զարդանախշերով, որոնք իրենցից ներկայացնում են բուսածաղկային հորինվածքներ:
Գորգի ցեղային-տոհմական նշանակությունը դրանցում ավելի թույլ է արտահայտված, դրա փոխարեն մշակվել են ավելի բարդ, բազմամաս, միահյուս պատկերներ:
Բուսական ոճաորում ունեցող գորգերին բնորոշ են կրկնույթները, երբ զարդանախշը բաղկացած է համաչափ կրկնվող, միանման մոտիվներից, որոնք իրենցից ներկայացնում են դաշտային բնապատկեր և արտացոլում են եդեմական այգին:
Բուսածաղկային հորինվածք ունեցող գորգատեսակներից առանձնանում է խաղողի տերև հիշացնող զարդամոտիվով գորգերը:
Ըստ ամենայնի այս նախշը տարածված էր վաղ Կովկասյան գորգերում։ Տարբեր թանգարաններում առկա մոտ երկու տասնյակ գորգեր ու գորգերի պատառիկներ կարելի է նշել։ Մուգ կապույտ դաշտը, որը գորգի վերին մասում դառնում է գորշ շագանակագույն, պատված է խիտ դասավորված մոտիվներով, որոնք նմանվում են ուղղահայաց շարքերով իրար հերթագայող ծաղկային տարրերի, պալմետների և տերևների անվերջ կրկնվող նախշերի։ Մյուս կողմից, այն կարելի է դիտարկել որպես չորս հիմնական տարրերի անկյունագծային կրկնություն, որոնք միասին ձևավորում են ադամանդ։ Յուրաքանչյուր խումբ ներառում է երկու մեծ պալմետ, որոնք տեղադրված են լայնությամբ՝ ծայրով դեպի ներս, և երկու փոքր պալմետ, որոնք ուղղահայաց առանցքի վրա են՝ ծայրերով դեպի դուրս։
Խմբից խումբ մեծ պալմետները տարբերվում են իրենց ձևով և գունավորմամբ։ Նույնիսկ խմբի ներսում կա գունային հակադարձումներ։ Այսպիսով, մի խումբը կազմված է երկու մեծ և խորդուբորդ կամ խաղողի տերևի նման պալմետներից՝ մեկը փղոսկրագույն, մյուսը ավազագույն։ Յուրաքանչյուրն ունի իր փոքր կենտրոնական լոտոս պալմետը և բողբոջների ու ծաղիկների ճառագայթային դասավորությունը։ Այս մեծ պալմետից՝ ծայրին մոտ, դուրս են գալիս երկու կեռաձև կարմիր խաղողի տերևներ, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է խորդուբորդ, կարմիր և բաց կապույտ նիզակաձև տերևով՝ երկու նիզակները գրկում են պալմետը։ Փոքր պալմետներում, որոնք շատ ոճավորված, կոշտ լոտոսի ձև ունեն, պարզ նկատելի է կարմիրի և դեղինի համադրությունը։ Մյուս խմբում այս ուղղահայաց տեղակայված պալմետները նման են, բայց մեծերը որոշ չափով ադամանդաձև են՝ նուրբ աստիճանավոր եզրերով։ Փղոսկրագույն հատվածում իրար հերթագայում են բաց կապույտ կամ մանուշակագույն կենտրոնական լոտոսները։
Գորգում առկա բուսանախշերը հանդիպում ենք դասական վիշապագորգերում, ինչի համար ենթադրվում է, որ բուսածաղկային գորգերի այս տեսակը ձևավորվել է դասական վիշապագորգերից:
Բուսածաղկային գորգերի առաջացման ավանդական կենտրոնները Արարատյան դաշտը և դրան հարող Նախճջևանն են, Գանձակը, այգեգործական հնագույն ավանդույթներ ունեցող Գուգարքը և Արցախը (մասնավորապես Շուշի), Սյունիքի, Շիրվանի, Վասպուրականի, Տարոնի գորգագործական կենտրոններին:
Աղբյուրը՝
Չարլզ Գրանտ Էլլիս, Վաղկովկասյան գորգեր
Հայկական գորգարվեստ, XVII-XX դարեր, Հայաստանի պատմության թանգարան։
Ղազիրի որբերի գորգը
01/06/2024
1915թ-ի սեպտեմբերին Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն առաջարկեց ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կօգներ ցեղասպանությունից տուժած հայերին եւ ասորիներին, հատկապես որբերին: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությամբ բացվեց Հայկական եւ ասորական աջակցության ամերիկյան կոմիտե կառույցը, որն ավելի ուշ վերանվանվեց ու մինչեւ օրս գործում է Մերձավոր Արեւելքի Օգնության Ֆոնդ (Near East Relief Foundation) անվամբ: Բարեգործական միությունը փրկեց եւ ապաստան տվեց մոտ 132 հազար հայ երեխաների: Նրանց մի մասը պատսպարվեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Շատ չանցած' շվեյցարացի միսիոներ Ջեյկոբ Կունցիերի գլխավորությամբ Բեյրութից 40 մղոն հյուսիս գտնվող Ղազիր փոքրիկ քաղաքում բացվեց գորգագործական արհեստանոց: Վերջինիս հիմնադրման նպատակն էր մանուկներին գորգագործության արհեստն ուսուցանելը, որպեսզի նրանք կարողանային այդպիսով կյանքի միջոցներ հայթայթել: 1923թ-ից 1930թ ընթացքում նրանք արտադրեցին 3254 գորգ: Դրանցից ամենահայտնին երեխաները պատրաստել են ԱՄՆ նախագահի համար: Այն ԱՄՆ Սպիտակ Տանը նվիրաբերել են 1925թ-ի դեկտեմբերին, իբրև երախտագիտություն հայ որբերի հանդեպ ամերիկյան ժողովրդի ցուցաբերած բարի կամքի դրսևորման համար։
3,53 մետր (12 ոտնաչափ) լայնությամբ, 5.61 մետր (18 ոտնաչափ) երկարութամբ եւ 4 միլիոն 404 հազար 206 հանգույցներով հայկական գորգի վրա պատկերված են ավետարանում նկարագրված եդեմական պարտեզը' տարբեր կենդանիներով և զարդանախշերով: 400 հայ որբեր պատմական այդ գորգը գործել են 18 ամսվա ընթացքում: Նույն գորգից, ավելի փոքր չափսի, հայ երեխաները գործեցին Ջեյկոբ կամ ինչպես որբերն էին ասում' Պապա Կունցլերի համար: Այն պահվում է Սան Ֆրանցիսկոյում Ջեյկոբ Կունցլերի դստեր տանը:
Սպիտակ տունը, նախնական մերժումից ու մեկ տարվա պայքարից հետո, 2014-թ նոյեմբերին արտոնեց հայ որբերի գորգի ժամանակավոր ցուցադրությունը Սպիտակ տան այցելուների սրահում: Իսկ Ղազիրի որբատան հայ աղջիկների ձեռքի շնորհքն են նաև «Մարաշի գործեր»ը, որոնք ասեղնագործության յուրահատուկ գլուխգործոցներ են և պատկերվում են ավետարանական տեսարաններ։
Աղբյուր՝ Հարոլդ Բեդուկյան; Հայ որբերի գործած և հայատառ արձանագրությամբ այլ գորգերը մասնավոր հավաքածուներում; Հայկական Հանգույց․ գորգարվերտի ավանդույթները․ միջազգային գիտաժողովի զեկուցումների հավաքածու, Երևան 2013